Օդեսայի պետական մարզային վարչակազմի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու վերաբերյալ հանրապետության նախագահի վարչակազմի կայքում զետեղված հանրագիրը հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունը: Այժմ, կանոնակարգին համաձայն, այն պարտավոր է պաշտոնապես քննության առնել հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ավելի վաղ Սաակաշվիլին քանիցս հայտարարել է, որ իրեն չի տեսնում հանրապետության վարչապետի դերում:

 

«Կարծում եմ, որ այս փուլում Ուկրաինայի վարչապետ պետք է լինի այն մարդը, ով նախ և առաջ լավ է գլուխ հանում ֆինանսական հարցերից, ֆինանսական համակարգից և ընդսմին նա պետք է օրինավոր մարդ լինի և լիովին պաշտպանված օլիգարխական շահերից: Այդ ամենը ես ունեմ, բայց, կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր ինձանից ավելի լավ են հասկանում այդ հարցերում»,- ասել է նա ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում: Սաակաշվիլին նաև նշել է, որ Ուկրաինայում իշխանությունը կաթվածահար վիճակում է և «հարկավոր է Ուկրաինայի կառավարության ամբողջական վերաբեռնում բոլոր մակարդակներով»:

 

Ուկրաինացի քաղաքագետներն իրենք Էլ վստահ են, որ չի կարելի լրջորեն խոսել Սաակաշվիլիի վարչապետության հեռանկարների մասին: «Թեև Ուկրաինայի քաղաքականության մեջ հնարավոր է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, այդուհանդերձ, ես հազիվ թե լրջորեն խոսեի պարոն Սաակաշվիլիի վարչապետության հեռանկարների մասին»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է «Երրորդ սեկտոր» կենտրոնի ղեկավար Անդրեյ Զոլոտարյովը: