Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար նշանակված Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ այդ պաշտոնը որպես «ցատկահարթակ» օգտագործել Ուկրաինայի վարչապետի պաշտոնն զբաղեցնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «112» ուկրաինական հեռուստաալիքին:

 

«Ինչ հիմարություն, ինչ հիմարություն, ես քաղաքական ոչ մի հավակնություն չունեմ Ուկրաինայում»,- ասել է Սաակաշվիլին՝ մեկնաբանելով իր վարչապետական հավակնությունների շուրջ պտտվող լուրերը:

 

Նա վերստին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան և մասնակցել երկրի քաղաքական գործընթացներին: Սաակաշվիլին այն կարծիքին է, որ Վրաստանի քաղաքացիության կորուստն իրեն չի խանգարի ապագայում վերադառնալ հայրենիք:

 

«Եթե Վրաստանի ներկայիս նախագահը որոշում ընդունի ինձ երկրի քաղաքացիությունից զրկելու մասին, դա ինձ չի խանգարի ապագայում վերադառնալ հայրենիք, քանի որ նախքան իմ ժամանումը, Վրաստանում ժողովուրդն ինքը որոշում կընդունի ինձ քաղաքացիությունից զրկելը չեղյալ հայտարարելու և իմ նկատմամբ քրեական գործերը դադարեցնելու մասին»,- համոզված է նախկին նախագահը:

 

Նա չի նշել Վրաստան վերադառնալու ժամկետը, բայց ասել է, որ «դա տեղի կունենա անհամեմատ ավելի շուտ, քան ոմանք պատկերացնում են»: Անցյալ տարվա վերջին Կիևում գտնվող Սաակաշվիլին հայտարարել էր, որ «2015 թվականին մտադիր է վերադառնալ Վրաստան»:

 

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու Միխեիլ Սաակաշվիլիի որոշումն անհարգալից վերաբերմունք է Վրաստանի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: