Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում «խստիվ դատապարտել Է Ուկրաինայի հարավ-արեւելքում խաղաղ քաղաքացիների դեմ զինված ուժեր օգտագործելու Կիեւի ռեժիմի փորձերը»:

 

Ինչպես տեղեկացնում Է Կրեմլի մամուլի ծառայությանը, «Պուտինը եւ Մերկելը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում ստեղծված օրհասական իրադրության շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով այն, որ Կիեւի իշխանությունները չեն ցանկանում կատարել Ժնեւի ապրիլի 17-ի պայմանավորվածությունները»:

 

«Պուտինը եւ Մերկելն ընդգծել են Ռուսաստանի, Եվրամիության եւ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ գազի մատակարարումների անվտանգության շուրջ շուտափույթ բանակցություններ վարելու կարեւորությունը»,-նշել են մամուլի ծառայությունում:

 

Կրեմլում ասել են, թե «քննարկվել են նաեւ այն հարցերը, որոնք վերաբերում են Ուկրաինայում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մոնիթորինգային առաքելության գործունեությանը»:

 

Հեռախոսազրույցը կայացել Է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

 

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիեւի իշխանությունները կոպտորեն խախտում են ժնեւյան համաձայնությունները եւ պետք է առաջին քայլերն անեն հակամարտության ապաէսկալացման համար: Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ազդի Ուկրաինայի ղեկավարության վրա եւ դրդի Կիեւին դադարեցնելու ուժային գործողությունը երկրի հարավ-արեւելքում:

 

Իսկ նախագահ Պուտինը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի արեւելքում այդ երկրի իշխանությունների կողմից բանակի օգտագործումը «հետեւանքներ կունենա»:

 

ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 24-ին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ են սկսվել Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգների զորամիավորումների մասնակցությամբ:

 

Իր հերթին ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում Մոսկվան կհիշի այդ հանրապետության տարածքում ՌԴ-ի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ Դաշնության խորհրդի թույլտվության մասին: «Այդ հնարավորությունը մենք միշտ ունենք, բայց, իհարկե, ցանկալի չէր լինի»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում բռնությունների շարունակվելու դեպքում Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խո րհրդի արտահերթ նիստ կհրավիրի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: