Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկերոջ' Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերի ակտիվացման ուղիները: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նախագահները պայմանավորվել են շարունակել քննարկումները, մասնավորապես, Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների' մարտի 18-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում:

 

«Երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ, այդ թվում' միջազգային ջանքերի ակտիվացման ուղղությամբ»,- նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի է ունեցել իշխանափոխություն: Գերագույն Ռադան նախագահ Վիկտոր Յանուկովիչին զրկել է իշխանությունից, փոխել Սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դրել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա, իսկ նախագահական ընտրությունները նշանակել մայիսի 25-ին:

 

Յանուկովիչը հայտարարել է, որ ֆիզիկական վրեժխնդրության սպառնալիքների ներքո ստիպված է եղել լքել Ուկրաինան և շարունակում է մնալ երկրի ընտրված օրինական նախագահ: Ուկրաինայի Ալևելքի և Հարավի մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Ռադայի ընդունած որոշումների լեգիտիմությունը' հայտարարելով Յանուկովիչի պաշտոնազրկման անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են կայացրել հանրաքվեներ անցկացնել' իրենց շրջանների ապագայի շուրջ: Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն նշանակվել է մարտի 16-ին: