Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին իշխանությունները տեղյակ կպահեն, քայլեր արդեն եղել են՝ նույն ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը, նաև՝ ԱԺ ձեռնարկած քայլերը, որոնք հենց ճգնաժամը լուծելու նպատակ ունեին, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման մասին ՀՀ վարչապետը, ընդհանուր առմամբ, խոսել է. «Կարծում եմ՝ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ՍԴ ճգնաժամին լուծում տան»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել:
Դիտարկմանը, թե երբ Գրիգորյանն ասել է՝ հեղաշրջման փորձ է եղել, վարչապետը որոշ չափով հերքել է իր խոսքերն՝ ասելով, թե հիբրիդային պատերազմի տարրեր են եղել.
«Հետ ենք գալիս նույն թեմային, բայց ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել: Էթիկայի կարևոր սկզբունքներ կան՝ եթե մարդը բառը չի օգտագործում, այն վերագրել մարդուն՝ ժուռնալիստիկայի հարց է»:
Անդրադառնալով հարցին, թե ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ԱԱԾ նախկին տնօրենը դավաճանել է Հայաստանին, և արդյո՞ք Գրիգորյանը ևս այդպես է կարծում, վերջինս ասաց, որ դեռևս ծանոթ չէ հայտարարությանը: