Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նրա պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ:

 

Օլանդը նաև Պուտինին շնորհավորել է Սոչիի Օլիմպիադայի մեծ հաջողության կապակցությամբ:

 

Ելիսեյան պալատի հայտարարության համաձայն' Օլանդը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Ուկրաինայում «խաղաղ անցման» և այդ երկրի «միասնության և տարածքային ամբողջականության» ապահովման կարևորությունը: Ֆրանսիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նոր կառավարության ձևավորումը թույլ կտա անցկացնել նախագահական ընտրություններ և անհրաժեշտ բարեփոխումներ սկսել երկրում:

 

«Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինայի համար այս դժվարին շրջանում երկիրն ստանա ֆինանսական օգնություն, որը թույլ կտա աջակցել նրա տնտեսական արդիականացմանը»,-ասել է Օլանդը: «Հարկ է, որ Եվրամիությունը և Ռուսաստանն աշխատեն այդ ուղղությամբ»,-ընդգծել է նա: