«Եկեք ինքներս մեզ չխաբենք, Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում։ Սակայն, ինչպես նախագահ Բայդենն է ասում, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք կանգնենք Ուկրաինայի կողքին և տանք նրան այն զենքը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայում ամերիկյան «Ռամշտեյն» ավիաբազայում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
ԱՄՆ-ն վճռական է՝ տրամադրելու Ուկրաինային այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է, և թույլ չի տա, որ Կիևն ընկնի, հայտարարել է Օսթինը։
«Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ուկրաինան ընկնի։ Մենք հավատարիմ ենք մնում Ուկրաինային անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու խոստմանը», - ասել է Օսթինը։
ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի համաձայնեցրել Ուկրաինային օգնության նոր խնդրանքը, մինչդեռ վարչակազմը հայտնել է, որ սպառել է ռազմական միջոցների փոխանցման հնարավորությունները դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Այս շաբաթ Սպիտակ տունը հայտնել է, որ Վաշինգտոնը հնարավորություն է գտել 300 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք ուղարկելու Կիև, սակայն Ուկրաինայի զինված ուժերին այս օգնությունը կհասնի «մի քանի շաբաթում»։