Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Դեբալցեւոյում գերեվարված ուկրաինացի զինծառայողների ազատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի կենտրոնը:

 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Պորոշենկոն հեռախոսազրույց է անցկացրել Մերկելի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են հրադադարի կայուն ռեժիմի հասնելու ուղիները եւ նշել, որ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը պետք է լիակատար մուտք ունենա հակամարտության գոտու բոլոր շրջաններ:

 

«Նրանք նաեւ ընդգծել են, որ պետք է կատարվեն Դեբալցեւոյից դուրս գալու ժամանակ գերի բռնված ուկրաինացի զինվորականների ազատման շուրջ «նորմանդական ձեւաչափով» ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Մերկելը եւ Պորոշենկոն համաձայնել են, որ Եվրամիությունը պետք է հետագա միջոցներ ձեռնարկի Մինսկի պայմանավորվածությունների կատարման նպատակով: