Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:
Մեր հարցին, թե քանի գերի ունի հայկական կողմը, Ամատունին նշեց, որ իրենք չեն կարող վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ դեռ հավաքագրում են տվյալները:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ Զառա Ամատունին ասաց, որ իրենք տեղյակ են դրա մասին: «Այս պահին մենք այդ հարցերով երկխոսության մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ: Երբ լինի տեղեկություն, մենք արդեն կկարողանանք հաստատել»,-ասաց նա: