Միացյալ Նահանգները և Գերմանիան գտնում են, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի համաձայնությունների հիման վրա, և կոչ են անում դրանց մասնակիցներին՝ կատարելու իրենց պարտավորությունները պայմանավորվածություններին համապատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքները:
Զրուցակիցներն ընդգծել են Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման կարևորությունը և նշել են այն բանի անհրաժեշտությունը, որ Ռուսաստանը և նրա կողմից աջակցվող անջատականները կատարեն իրենց պարտավորությունները՝ Մինսկի համաձայնություններին համապատասխան, ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ Օբաման և Մերկելը քննարկել են գաղթականների հետ կապված ճգնաժամը Եվրոպայում և ԵՄ-ի երկրների գործողությունները՝ օգնելու նրանց, ովքեր հարկադրված են եղել ապաստան փնտրել արտասահմանում: Ընդսմին ԱՄՆ-ի նախագահը և Գերմանիայի կանցլերն արծարծել են այն հարցը, թե «ինչպես վերացնել փախստականների հոսքի ծագման նախադրյալները, այդ թվում՝ Սիրիայում իշխանափոխության ճանապարհով, ինչը կարող է միավորել բոլոր սիրիացիներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: