ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը սեպտեմբերի 18-ին մեկնելու Է Մեծ Բրիտանիա, որոշել Է իր եվրոպական ուղեւորությանը հավելել նաեւ Գերմանիան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիին, Լոնդոնից հետո նա կժամանի Բեռլին, որտեղ ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ կքննարկի «գաղթականների հիմնախնդիրը եւ երկկողմ հարաբերությունների հարցերը»:

 

Եվրոպայում գաղթականների հետ կապված ճգնաժամը Քերին մտադիր Է քննարկել նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Պետդեպարտամենտը, կոնսուլտացիաների ընթացքում կարծարծվեն նաեւ Սիրիայի իրադրությունը եւ միջազգային այլ խնդիրներ: Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Լոնդոնում պլանավորում Է հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալա բեն Զայիդ ալ Նահայանի հետ: Քերիի եվրոպական ուղեւորությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը: