ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրենը կոչ է արել արագացնել Եվրոպա անցնել ցանկացող սիրիացի փախստականների որոնողական և փրկարարական աշխատանքները և ձեռնարկել բոլոր քայլերը' կանխելու միգրանտ և փախստական երեխաների իրավունքների չարաշահումն ու շահագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Էնթոնի Լեյքն իր հայտարարությունում ընդգծել Õ §, որ քանի դեռ Եվրոպայում միգրանտների և փախստականների ճգնաժամը խորանում է, այս նկարները վերջինը չեն լինի, որ կողողեն սոցիալական մեդիան կամ կհայտնվեն հեռուստացույցի էկրաններին կամ թերթերի առաջին էջին:
«Եվրոպայի ափ հասած փախստական և միգրանտ երեխաների լուսանկարները խորապես մտահոգիչ են: Դիակներ ծովի ափին… Երեխաներից ոմանք սահման հասած բեռնատարների ետևում շնչահեղձ վիճակում են, ոմանք' փշոտ մետաղալարով ցանկապատների արանքում' հուսահատ ծնողների հետ»,- նշել է նա:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը կարևորել է նաև այդ իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունը' նրանց տրամադրելով առողջապահությական ծառայություններ, սնունդ, կրթություն, բարոյական աջակցություն, ինչպես նաև կացարան' նրանց ընտանիքների համար:
«Պետք է ապահովել երեխայի խնամքի համար բավարար թվով որակյալ փորձագետներ, ովքեր կաջակցեն երեխաներին և նրանց ընտանիքներին: Ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել երեխաների շահերը, ներառյալ' ապաստան հայցելու և ստանալու իրավունքը: Մենք ցավում ենք այն ընտանիքների համար, ովքեր կորցրել են իրենց երեխաներին՝ ծովում, ափերին, Եվրոպայի ճանապարհներին: Քաղաքականության քննարկմանը զուգահեռ, չպետք է մոռանանք այս ճգնաժամի խորապես մարդկային բնույթը, ոչ էլ' մասշտաբը: Չպետք է մոռացության մատնենք երեխաներին»,- ընդգծել է Լեյքը:
Եվրոպայում ապաստան փնտրողների մեկ քառորդը երեխաներ են: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստարան է հայցել ավելի քան 106 հազար երեխա: Եվրոպայում անվտանգություն փնտրող ընտանիքների պատմությունների դրդապատճառը Սիրիայում ընթացող սարսափելի հակամարտությունն է, որոնք արդեն ստիպել են մոտ երկու միլիոն երեխաների փախչել երկրից: