Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են Մինսկում շփման խմբի հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 24-ին եւ 26-ին, տեղեկացնում է «Ար մենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ վերջին օրերին հակամարտող կողմերն ընդհանուր առմամբ պահպանել են հրադադարի ռեժիմը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բանակցությունների մասնակիցները կարեւորել են հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի արեւելքում, ծանր սպառազինությունների հետքաշումը եւ հումանիտար օգնությունը բնակչությանը՝ կոչ անելով հակամարտության կողմերին շարժվել քաղաքական երկխոսության ուղղությամբ: Ընդսմին երկրների ղեկավարները նաեւ հորդորել են ակտիվացնել գերիների փոխանակումը եւ Մինսկի արձանագրության մյուս կետերը, ընդգծել են Ելիսեյան պալատում:

 

Բանակցությունների անցկացման ամսաթիվը Twitter-ում հաստատել է Պյոտր Պորոշենկոն: «Նորմանդական ձեւաչափով» խոսակցության ընթացքում պայմանավորվեցինք Մինսկում եռակողմ շփման խմբի հանդիպումն անցկացնել այս շաբաթվա չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին»,- գրել է նա:

 

Ինչպես ճշտել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունում, երկրների ղեկավարները պայմանավորվել են հեռախոսային կոնսուլտացիաները շարունակել մի քանի օրից: