Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկելով Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման ուղիները, հանդես է եկել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հաղորվել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման արդյունքում, որը տեւել է ավելի քան հինգ ժամ, «երեք ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնելկրակը»:

 

«Կողմերը պաշտպանել են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հույս հայտնել, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

«Կողմերը նաեւ քննարկել են նորմանդական ձեւաչափով երկխոսության զարգացման հնարավորությունները»,- ճշտել են մամուլի ծառայությունում:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը, զրուցակիցները արծարծել են ծանր սպառազինության հետքաշումը եւ գերիների ազատումը: Կլիմկինի խոսքով՝ հանդիպումը լավ է անցել: Նա հավելել է, որ Ուկրաինայի վրա ճնշում չի գործադրվում: «Ֆրանսիան եւ Գերմանիան մեզ օգնում են վերադարձնելու խաղաղությունը»,- նշել է նա:

 

Կիեւում երեք երկրների ղեկավարների հանդիպումն ավարտվել է Երեւեանի ժամանակով կեսգիշերից հետո: Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները մամուլի համար հայտարարություններ չեն արել:

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 6-ին Կրեմլում ընդունելու է Անգելա Մերկելին եւ Ֆրանսուա Օլանդին, որոնք Կիեւից ժամանում են Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայի խնդիրը: Նախատեսվում է, որ բարձր մակարդակի բանակցությունները կսկսվեն Երեւեանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ դրանց կնախորդեն ղեկավարների ներկայացուցիչների կոնսուլտացիաները: