Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես »-ը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Դա «ներառում է սեպտեմբերի 12-ին Բեռլինում բանակցությունների անցկացումն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, ինչպես նաեւ հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի, ԳՖՀ-ի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ղեկավարների անձնական հանդիպումը Փարիզում», ասված է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, չորս երկրների ղեկավարները ողջունել են վերջին ժամանակներս հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի հարավ-արեւելքում: «Առանձնակի ուշադրություն է դարձվել Մինսկի համաձայնությունների քաղաքական դրույթների իրագործմանը, նախ եւ առաջ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխում անցկացնելուն, ներառյալ Դոնբասի տարածաշրջանների հատուկ կարգավիճակի օրենսդրական ձեւակերպումը, ինչպես նաեւ տեղական ընտրությունների կազմակերպմանը եւ համաներման մասին օերնքի ընդունմանը»,- նշել են մամուլի ծառայությունում:

 

«Այդ կապակցությամբ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ անհրաժեշտ է համարել շուտափույթ լիարժեք երկխոսություն հաստատել Կիեւի իշխանությունների եւ Հարավ-արեւելքի ներկայացուցիչների միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես հայտնել են Ուկրաինայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունում, կողմերը «նշել են նկատելի առաջընթացը հրադադարի պահպանման հարցում եւ նշել մոտ ժամանակներս շփման գծից տանկերի, մինչեւ 100 միլիմետր տրամաչափով հրանոթների ու մինչեւ 120 միլիմետր տրամաչափով ականանետների հետքաշման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը»: