Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ ագրեսիա սանձազերծելու մեջ: Այդ մասին նրանք հայտարարել են համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է կառավարության ղեկավարի Լոնդոնի նստավայրում տեղի ունեցած բանակցություններից հետո, որոնք նվիրված էին Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերին նշանակված գագաթնաժողովի նախապատրաստմանը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ գագաթնաժողովում դաշինքը «պետք է Ռուսաստանին պարզորոշ հասկանալ տա, որ ՆԱՏՕ-ն միշտ ցանկացել է լինել նրա գործընկերը, այլ ոչ թե սպառնալիքը»: «Մինչդեռ Ռուսաստանը հարեւան երկրում իր շարունակվող ագրեսիվ գործողություններով եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների նկատմամբ իր սպառնալից գործելակերպով խոչընդոտում է ապագայում նման համագործակցությանը»,- նշել է նա:

 

Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ նա «խախտել է միջազգային կարգը»: «ՆԱՏՕ-ն արդեն շտապ քայլեր է ձեռնարկել դաշնակիցներին պաշտպանելու համար, եւ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր իր ավանդն է ներդնում»,- հավելել է նա:

 

Մի խումբ փորձագետների կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի համար հատուկ պատրաստված զեկույցում, որը հրապարակվել Է հունիսի 10-ին եւ վերաբերում Է անվտանգության հարցերին, ասված Է, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ «ռազմավարական գործընկերությանը» վերադառնալը ներկա փուլում հնարավոր չԷ:

 

«ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը «ռազմավարական գործընկերությանը» չեն կարող վերադառնալ, քանի դեռ ՌԴ-ի ղեկավարությունն այնպիսի գործողություններ Է իրականացնում, որոնք սպառնում են Եվրոպայի անվտանգությանը եւ անդրատլանտյան հանրակցության համոզմունքների լիակատար հակադրությունն են»,-նշվում Է փաստաթղթում:

 

Դրանում ընդգծվում Է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք Է Ռուսաստանի հետ համագործակցությունից ազգային տնտեսական շահերը բարձր դասեն հավաքական պաշտպանության հարցում իրենց պարտավորություններից:

 

Դրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակներն անհրաժեշտ են համարում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) շրջանակներում դեսպանների եւ ավելի բարձր մակարդակով պահպանել փոխգործակցությունը, որպեսզի ապահովվի գործողությունների համակարգման հնարավորությունը միջազգային անվտանգության այն մարտահրավերներին հակազդելիս, որոնք երկուստեք անհանգստություն են առաջացնում: