Իրաքյան բանակը պատրաստ է վերահսկողություն հաստատել Հիթ քաղաքի մի քանի շրջանների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետության» անդամները նահանջել են մերձակա մի քանի գյուղերից: Աղբյուրը հաստատում է, որ կազմակերպության տասնյակ անդամներ են սպանվել: Աշխատանքներ են տարվում նաև Թիրքիթ քաղաքի ազատագրման համար:
Իրաքյան ուժերը կամավորական ջոկատների և ցեղախմբերի հետ սկսել են ռազմական գործողությունների երկրորդ փուլը՝ ազատագրելու Հիթ քաղաքը «Իսլամական պետությունից»: Նախքան քաղաքին հասնելը իրաքյան ուժերը փորձում են ազատագրել 5 գյուղ, որտեղ մեծ թվով պայթուցիկ սարքավորումներ, ականապատված տներ են հայտնաբերվել:
Մյուս կողմից' միջազգային դաշինքի երկրները ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Հիթ քաղաքի ներսում և մերձակայքում՝ մեծ վնասներ պատճառելով թե կազմակերպության անդամներին, թե նրանց տեխնիկային:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:
ԱՄՆ-ը Իրաքում ԻՊ-ի դեմ պայքար սկսել է օգոստոսի 8-ից: