Իրաքյան ուժերը ռազմական մասշտաբային գործողություններ են սկսել Անբարի մարզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան անվտանգության ուժերը ցեղախմբերի հետ միասին ազատագրել են Ռամադի քաղաքի արևելքում գտնվող երկու շրջաններ, ինչպես նաև Անբարի մարզի արևելքում գտնվող յոթ գյուղեր: Ռազմական գործողություններն իրականացվում են Անբար մարզի ազատագրման գործողությունների շրջանակներում:

 

 

Աղբյուրի տեղեկացմամբ' թեժ բախումները շարունակվում են ԻՊ-ի ահաբեկիչների և իրաքյան ուժերի միջև: Իրաքի Ներքին գործերի նախարարության տեղեկություններով, բախումներն սկսվել են Սաջարի և Բուղանիմ շրջաններում: Իրաքյան ուժերը հայտարարել են, որ Անբարի ռազմական գործողություններին կաջակցեն միջազգային դաշինքի օդանավերը:

 

 

Թիքրիթ քաղաքի ազատագրումից հետո իրաքյան իշխանությունները հաստատել են զանգվածային գերեզմանների հայտնաբերման լուրը: Հայտնաբերվել են 47 դիակներ' 11 զանգվածային գերեզմաններում: Թիքրիթի ռազմական գործողություններին մասնակցել են 30 հազար զինծառայողներ:

Ավելի վաղ՝ մարտի 31-ին, ԻՊ-ից ազատագրվել էր Սալահ ադ Դին մարզի մարզկենտրոն Թիքրիթը:

 

 

ԻՊ-ը նախորդ տարվա ամռանից հսկողություն էր հաստատել Իրաքի տարածքի մեկ երրորդի վրա: Կազմակերպությունը մեծ տարածքներ է գրավել նաև Սիրիայում՝ այսպիսով իր գրաված տարածքներում հիմնելով այսպես կոչված «Իսլամական խալիֆաթ», որի մայարաքաղաքը համարում են Մոսուլը:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: