Դիյալա մարզում «Իսլամական պետության» վերջին հենակետի ոչնչացնելու ժամանակ անվտանգության ուժերի և ազգային կամավորական ջոկատների իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում 58 զոհ և 248 վիրավոր են արձանագրվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է մարզպետարանի անվտանգության կոմիտեն:

 

Պայքարը ԻՊ-ի դեմ բավական հեշտ է ընթացել, քանի որ տեղանքը և ԻՊ-ի հավաքատեղիները լավ ուսումնասիրված են եղել: Այդպիսով, ԻՊ-ի դեմ մարտերի ընթացքում ազատագրվել է Բաակուբայում նրանց վերջին հենակետը:

 

Ռազմական գործողություններն ԻՊ-ի դեմ շարունակվում են Ռամադի քաղաքում՝ փորձելով քաղաքն ազատագրել ահաբեկիչներից: Արդյունքում ազատագրվել է Բուղանիմ շրջանը:

 

ԱՄՆ-ի զիված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ միջազգային դաշինքն ԱՄՆ-ի գլխավորությամբ 24 ժամվա ընթացքում 34 օդային հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Հարվածներից 21-ն ուղղվել են Սիրիայի, իսկ դրանցից 17-ը Քոբանի քաղաքի ուղղությամբ: Մյուս 13 հարվածներն ուղղվել են Իրաքում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Դրանք հիմնականում ուղղվել են Մոսուլ, Թելաֆար, Հադիսա, Ֆալուջա քաղաքների ուղղությամբ:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: