Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին մարզի Թիրքիթ քաղաքի հյուսիսում նոյեմբերի 12-ին ռազմական գործողությունների ընթացքում «Իսլամական պետության» 19 ահաբեկիչների են ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բացի այդ, 12 ահաբեկիչներ սպանվել են Անբար մարզի Ֆալլուջա քաղաքում:

 

Իրաքի տեղեկատվական աղբյուրները տեղեկացնում են, որ իրաքյան ուժերին օգնել են օդային ուժերը: Ռմբակոծության արդյունքում Ֆալլուջա քաղաքում ոչնչացվել է կազմակերպության ղեկավարներից մեկի տունը, որտեղ գտնվել են այլ ահաբեկիչներ: Միևնույն ժամանակ, իրաքյան օդային ուժերը Մասհաք գյուղում ոչնչացրել են ԻՊ-ի երեք ականապատ մեքենաներ:

 

 

Մյուս կողմից, միջազգային դաշինքի ուժերը նոյեմբերի 12-ի վաղ առավետվանից ռմբակոծել են Բայջիում ԻՊ-ի դիրքերը: Արդյունքում' սպանվել է 68 ահաբեկիչ:

 

 

Բաղդադի մերձակայքում այսօր տեղի ունեցած 2 պայթյունների հետևանքով 11 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ականապատ մեքենան պայթել է Նուսուր հրապարակի մոտ, Բաղդադի արևմուտքում, մյուս մեքենան պայթել է ոստիկանական բաժանմունքի մերձակայքում:

 

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին՝ կարճ ժամանակում հսկայական տարածքներ գրավելով Սիրիայում և Իրաքում: