Իրաքյան ուժերը տասնյակ ահաբեկիչների են ոչնչացրել Ֆալլուջա և Թիքրիթ քաղաքների մերձակայքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական աղբյուրները, անվտանգության մարմինների տեղեկացմամբ, անվտանգության ուժերն առաջընթաց են արձանագրել Ֆալլուջա քաղաքի մերձակայքում՝ Խալիդիա շրջանում ոչնչացնելով շուրջ 40 ահաբեկիչների:

 

Իրաքյան ուժերը հաջողությունների են հասել Սալահ ադ Դին մարզում՝ կանխելով ԻՊ կազմակերպության հարձակումը Թիքրիթ քաղաքի արևմտյան հատվածի վրա: Բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, այդ թվում՝ յոթ մահապարտ-ահաբեկիչներ: Ռազմական գործողություններին մասնակցել են նաև ազգային կամավորական ջոկատներ: Կանխվել է ալ Ջազիրա շրջանում ԻՊ-ի հարձակումն անվտանգության ուժերի վրա:

 

Արաբական աղբյուրների տեղեկացմամբ, Սալահ ադ Դին մարզում ԻՊ-ից ազատագրվել է ութ հազար քառ. կմ տարածք: Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի խոսքով, Թիքրիթի ազատագրումն ընթանում է ըստ պլանի:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: