Իրաքյան ուժերն ամբողջովին վերահսկում են Անբարի մարզի Ռամադի քաղաքը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Անբարի մարզի ռազմական գործողությունների ղեկավարության խոսնակ Սաադ Մաանն՝ ավելացնելով, որ քաղաքից դուրս գտնվող Սուֆիա և Բուղանիմ շրջանները դեռ գտնվում են «Իսլամական պետության» ձեռքում, և իրաքյան ուժերը պատրաստվում են հարձակում գործել երկու շրջաններն ազատագրելու համար:

 

Իրաքի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ֆալուջա քաղաքում 15 պայթուցիկ սարքավորումներ են վնասազերծվել: Ռազմական գործողությունների ընթացքում ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ իրաքյան ուժերը ռազմական գործողություններ են սկսել Քարամա շրջանի ազատագրման և շրջակա տարածքների համար: Ոչնչացվել են նրանց պատկանող վեց մեքենա:

 

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Բայջի գործարանի հարավային կողմում ապրիլի 17-ին վերսկսվել են բախումներն իրաքյան բանակի և ԻՊ-ի միջև:

 

Անբարի մարզի ազատագրման ռազմական գործողություններն սկսվել են ապրիլի սկզբից:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: