Իրաքյան ուժերը Ռամադի և Ֆալլուջա քաղաքների ազատագրման ռազմական գործողություններում մեծ առաջընթաց են գրանցել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Անբար նահանգի խորհրդի խոսնակ Այդ Ամաշը նշել է, որ իրաքյան ուժերի և ազգային կամավորական ջոկատների ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ժամ անց ԻՊ-ի ահաբեկիչները սկսել են նահանջել: Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ Աբադին հաստատել է, որ Ֆալլուջա քաղաքում ոչնչացվել է ԻՊ-ի առաջին պաշտպանական գիծը: Միևնույն ժամանակ օդային ուժերն ԻՊ-ի մի քանի նստավայրեր են ոչնչացրել քաղաքի մերձակայքում, նաև ոչնչացվել են մի քանի շինություններ, որոնք ահաբեկիչներն օգտագործում են դիպուկարների համար:

 

Իրաքյան բանակի ղեկավարությունը հուլիսի 13-ին հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

 

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահանգի 80 տոկոսը:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին < i>ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: