Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Սալահ ադ Դին մարզում բանակը և կամավորական ջոկատները վերահսկողություն են հաստատել Բայջի քաղաքի ոստիկանության շենքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների ընթացքում նրանք մոտեցել են Բայջիի նավթամերամշակման գործարանին: Արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել: Բայջի քաղաքի ռազմական գործողությունների ընթացքում 42 պայթուցիկ սարքավորումներ են վնասազերծվել և շարունակվում են վնասազերծվել:
Մյուս կողմից' իրաքյան բանակը Բայջիում մի քանի գյուղ է ազատագրել ԻՊ-ից՝ մեծ վնասներ հասցնելով նրան:
Ավելի վաղ Իրաքի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Անբար մարզում ԻՊ-ի ղեկավարների հավաքատեղիի ուղղությամբ միջազգային դաշինքի ռմբակոծության հետևանքով մի քանի ղեկավարներ սպանվել են, իսկ իսլամիստական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին վիրավորվել է:
«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:
Միջազգային դաշինքը ԱՄՆ-ի գլխավորությամբ մեկ ամսից ավելի պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկիր: