Այսօր երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական վատ վիճակում, որի մասին խոսում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ինչի հետ է կապված երկրում տիրող այս սոցիալ-տնտեսական վիճակը և որքանով կապ ունի իշխանական շրջանակների հետ. այս հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ:
«Այս վիճակը, մեղմ ասած, կապված է ոչ արդյունավետ կառավարման և բազմաթիվ հանցակազմ պարունակող երևույթների հետ: Եթե 2008-ին Հայաստանի համախառն արդյունքը կազմել է 11 միլարդ դոլար, իսկ արտաքին պարտքը՝ 1 միլիարդից մի փոքր ավել, այսօր մենք ունենք ընդամենը 10 միլիարդի համախառն արտադրանք և 5,5 միլիարդ արտաքին պարտք»,- ասաց Սուրեն Զոլյանը՝ ավելացնելով, որ այս երկու թվերը համեմատելով, պետք է նկատի ունենալ, որ 2008 թ.-ից Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է, և հասկանալի է, թե ով է պատասխանատու այս իրավիճակի համար:
Ինչպես փաստեց քաղաքագետը, երկրում ստեղծված իրավիճակը կապ ունի իշխանական շրջանակների հետ, քանի որ այս ինը տարիների ընթացքում ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց է արձանագրվել: Տնտեսական և սոցիալական ոլորտներում չկա մեկը, որտեղ հաջողություններ ենք ունենում, գուցե՝ շախմատից բացի:
«Նախևառաջ՝ պետք է վերանայվի տնտեսական ֆեոդալական օլիգարխիկ մոդելը, որը հարիր չէ 21-րդ դարին: Եթե միայն անձը փոխում ենք, բայց ֆեոդալական համակարգը մնում է նույնը, ապա որևէ առաջընթաց չի գրանցվելու ու նորից հետ ենք գնալու»,- ասաց Զոլյանը:
Հետաքրքրվեցինք, թե ինչ է փոխվել Կարեն Կարապետյանի վարչապետ լինելուց հետո, քաղաքագետը նշեց՝ որևէ բան չի փոխվել. «Խնդիրը ոչ թե վարչապետի մեջ է, այլ հասարակության. չգիտես ինչու՝ հասարակությունը ինչ-ինչ պատրանքներ էր տածում, բայց այդ մարդը, ինչպես ասաց, կախարդական փայտիկ չունի և վերջերս էլ ասաց՝ միլիցիա չի, այսինքն ուժային լծակներ չունի, որ երկրի վիճակը շտկի: Իսկ այդ ձևով, բնականաբար, հնարավոր չէ լավ բանի հասնել՝ առանց համակարգը փոխելու: Մի քանի չինովնիկի աշխատանքից ազատելով՝ բնական է՝ վիճակը չի լավանա»:
Սոնա Հարությունյան