Քրդական ինքնապաշտպանական ուժերն առաջընթաց են գրանցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Քոբանի քաղաքի արևելյան հատվածում «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարձակումների հետևանքով վնասներ են կրել կազմակերպության ուժերը և տեխնիկան: Կարմուղ գյուղում, որը գտնվում է Քոբանիից 20 կմ հեռավորության վրա, ԻՊ-ի դիրքերը հայտնվել են բեշմերգայի և միջազգային դաշինքի ռմբակոծության տակ, ոչնչացվել են ահաբեկիչների 4 տանկ:
Բացի այդ, բեշմերգայի ուժերը շարունակում են ռմբակոծել Քոբանիի արևմտյան և հարավային հատվածները:
Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Հասաքե մարզի արևելքում և հարավում: Ռումբերն ուղղվել են Հուլ շրջանի ԻՊ-ի զինպատրաստության ճամբարի, ինչպես նաև Ջաբալ Աբդ ալ Ազիզ գյուղի ուղղությամբ:
Քոբանի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ը ԻՊ անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով զոհվածները:
Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել դեպի Թուրքիա: