Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերը շարունակում են պայքարել «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել քաղաքի 90 տոկոսի վրա՝ ստիպելով ահաբեկիչներին նահանջել: Ակտիվիստների տեղեկացմամբ, քրդական ուժերը Մահմուդ Բարխադանի գլխավորությամբ առաջընթաց են գրանցել Քանի Արբան, ինչպես նաև մի քանի ծայրամասային թաղամասերում:
Համացանցում նաև տարածվել են հատկապես քաղաքի արևելյան թաղամասերում արված լուսանկարներ, որոնցում պատկերված են քրդական ուժերը հաղթական դրոշներով:
Տեղեկություններ կան, որ քրդական ուժերն ահաբեկիչներից ազատագրել են Մամիդ գյուղը, որը գտնվում է Քոբանիի հարավ-արևմուտքում: Թեժ բախումների արդյունքում 12 ահաբեկիչ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը և փոխադրամիջոցները: Նաև ազատագրվել է Հալեպի ճաապահին գտնվող Թերմա գյուղը: