Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ բեշմարգի 10 անդամներ Թուրքիայի տարածքից արդեն մտել են սիրիական Քոբանի քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջողները, նախատեսվում է, որ մի քանի ժամվա ընթացքում քրդական ուժերի այլ ներկայցուցիչներ նույնպես մուտք կգործեն քաղաք:
Բեշմարգ ուժերի շարասյունը հոկտեմբերի 29-ի երեկոյան հասել է թուրքական Սարուջ գյուղաքաղաք: Քրդերի մի մասը այնտեղ էր հասել օդային ճանապարհով:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ բեշմերգի 150 անդամներ Թուրքիայից կմտնեն սիրիական Քոբանի քաղաք՝ օգնելու «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին:
Քոբանի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր է, հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ն ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ:
Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով գրանցված զոհերը: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա: