Իրաքյան ուժերը մտել են Բաղդադից 160 կմ հեռավորությամբ գտնվող Թիրքիթ քաղաք և վերահսկողություն հաստատել հարավային մի քանի հատվածների վրա: Բացի այդ, տեղեկություններ կան, որ Թիրքիթի հիվանդանոցը, ինչպես նաև Աուջա շրջանը մաքրվել են ԻԼԻՊ խմբավորման անդամներից: Թիրքիթ քաղաքը հունիսի 11-ին հայտնվել էր ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ:

 

Բաղդադից 70 կմ հյուսիսում գտնվող Դալաուիա շրջանում թեժ մարտեր են ընթանում իրաքյան ուժերի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կառավարական ուժերը տեղի ջոկատների հետ փորձում են կանխել զինյալների կողմից շրջանի գրավումը: Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ շրջանի մեծ մասը գտնվում է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ: Դալաուիայի բնակիչները ստեղծված իրավիճակից ստիպված հեռացել են ավելի անվտանգ վայրեր:

 

Ահաբկեչության դեմ պայքարող ուժերը Անբարի արևմուտքում ռմբակոծում են ԻԼԻՊ խմբավորման հենակետերի ուղղությամբ: Ինչպես նաև Սալահ ադ Դին մարզի մարզպետարանի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում ԻԼԻՊ-ի և իրաքյան ուժերի միջև:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատթարացել էր, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման վերահսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: