Իրաքի Թիքրիթ քաղաքում «Իսլամական պետության» դիրքերը մարտի 26-ին ռմբակոծության են ենթարկվել: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, ռմբակոծությունն իրականացրել են իրաքյան օդուժը և միջազգային դաշինքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է քաղաքի ազատագրման վճռական փուլի մեկնարկի մասին:

 

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան և միջազգային դաշինքի օդանավերն սկսել են ռմբակոծել Թիքրիթ քաղաքի շրջակայքում ԻՊ-ի դիրքերը: Ավելի վաղ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը դիմել էր Վաշինգտոնին՝ խնդրելով օդային հարվածներով աջակցել ԻՊ-ի դիրքերին' Թիքրիթ քաղաքն ազատագրելու նպատակով:

 

Ավելի վաղ Սալահ ադ Դին մարզի ռազմական գործողությունների ղեկավար Աբդ ալ Ուահաբ աս Սաիյին հաստատել էր, որ ռազմական գործողություններին միջազգային դաշինքի մասնակցությունն անհրաժեշտ է:

 

Թիքրիթ քաղաքի ազատագրման համար ռազմական գործողություններն սկսվել են մարտի սկզբին: Իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել քաղաքի մեծ մասի վրա:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: