Իրաքի անվտանգության աղբյուրները հաստատել են, որ իրաքյան ուժերի 22 անդամ են զոհվել Անբարի մարզի Ռամադի քաղաքը միջազգային դաշինքի ռմբակոծելու հետևանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջազգային դաշինքի ուժերը հայտարարել են, որ օդային հարվածներն այդ շրջանում ուղղվել են ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հերքելով զոհերի առկայությունը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ պատկանելության օդանավերը Անբարի մարզում ռմբակոծել են իրաքյան բանակի դիրքերը: Որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել են իրաքյան բանակի 50 զինվորի զոհվելու մասին:
Սալահ ադ Դին մարզում շարունակվում է պայքարը Թիքրիթ քաղաքի ազատագրման համար: Բախումներն ընթանում են քաղաքի կենտրոնում, նաև հյուսիսում ու հարավում, որոնց ժամանակ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել:
Սալահ ադ Դին մարզի խորհրդի անդամ Խալիդ ալ Խազրանջին նշել է, որ քաղաքի ազատագրումը և ահաբեկիչներից մաքրումը հաջողությամբ է ընթանում: Նախօրեին իրաքյան ուժերը հայտարարել էին քաղաքի կենտրոնում վերահսկողություն հաստատելու մասին: Թեժ մարտեր են ընթացել Թիքրիթ քաղաքի Ֆաթհա ռազմավարական նշանակություն ունեցող շրջանի ազատագրման համար: Նաև փակվել է Թիքրիթ և Բայջի քաղաքների միջև ձգվող ճանապարհը:
Թիքրիթի ազատագրման ռազմական գործողություններն սկսվել են նախորդ շաբաթվա ընթացքում, որոնց արդյունքում ահաբեկիչները խոշոր վնասներ են կրել: