Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զորի մարզի հյուսիսային հատվածներրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային 3 հարվածներն ուղղվել են Սուր գյուղաքաղաքի ուղղությամբ, սակայն պատճառած վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

 

Շարունակվում են բախումները թուրք-սիրիական սահմանին գտնվող Այն ալ Արաբ քրդական քաղաքում: ԻԼԻՊ-ն առաջ է շարժվում դեպի քաղաք: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, հոկտեմբերի 6-ին ԻԼԻՊ-ը հսկողություն է հաստատել Այն ալ Արաբ քաղաքի արևելյան 3 թաղամասերի վրա: Տեղեկություններ կան, որ տասնյակ քրդեր և ահաբեկիչներ են սպանվել:

 

Շուրջ 2 հազար քրդական պաշտպանական ուժերը փորձում են ետ մղել ահաբեկիչներին:

 

Մինչև այժմ, բարեբախտաբար, քաղաքը չի հայտնվել նրանց ձեռքում: Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻԼԻՊ կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: