ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդանավերը հոկտեմբերի 30-ին հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Ռակկա քաղաքում և մերձակա գյուղերում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, քաղաքի բնակիչների տեղեկացմամբ, օդային հարվածներն ուղղվել են Ռակկայի հարավային շրջանների, ինչպես նաև Մաադան և Սուլուք գյուղաքաղաքների ուղղությամբ: Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքը ռազմական գործողություններն սկսել է սեպտեմբերի վերջից: Օդային հարվածների արդյունքում հարյուավոր ահաբեկիչներ են սպանվել:
Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակը և զինված ուժերը ԻՊ-ի տասնյակ անդամներ են ոչնչացրել Դեր Զորի մի քանի շրջաններում: Սպանված ահաբեկիչների մեծ մասը սիրիացիներ չեն: ԻՊ-ի անդաներ են սպանվել Սինաա թաղամասում: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Հոմսի գյուղերում զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել և ոչնչացվել:
Զինյալների դեմ պայքարը շարունակվում է նաև Հալեպում: Ջանդուլ, Քասթիլիո, Հարյաթան, Տամուրա ալ Լիրմուն, Սուքքարի բնակավայրերում մեծ թվով զինյալներ են սպանվել:
Սիրիական իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ սիրիական հակամարտության 3,5 տարում ընդդիմադիրների շարքերում կռվում են ավելի քան 80 երկրների 100 հազարից ավելի զինյալներ: