Քաղաքական գործունեության հայտ ներկայացրած յուրաքանչյուր ուժի համար վերջնական հաջողության հասնելու համար անչափ կարևոր է ունենալ ինչպես ներքին հենարան՝ ի դեմս հասարակության լայն շերտերի վստահության, որն այնուհետև ընտրությունների օրը գեներացվում է քվեի տեսքով, այնպես էլ ոչ պակաս կարևոր պայման է նաև միջազգային կառույցների կողմից առկա աջակցությունը, որը վկայում է այն մասին, թե ինչպես է այն ընկալվում և ինչ վարկանիշ ունի արտաքին հարթակներում:
Հայաստանյան քաղաքական դաշտը միջազգային կառույցների կողմից երբևէ չի դիտարկվել հեղինակավորների շարքում: Պատճառները, թե' օբյեկտիվ են, թե' սուբյեկտիվ. դրանք պետք է փնտրել մեր անկատար կուսակցական և քաղաքական համակարգի մեջ: Սակայն այս քարոզարշավի ընթացքում գրանցվեց, կարելի է ասել, աջակցության եզակի և բացառիկ դեպք:
Երեկ Աբովյանում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավին իրենց մասնակցությունն էին բերել նաև միջազգային գործընկերները, ովքեր ժամանել էին տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Ավստրալիայից: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ նրանք ծանոթացել ու ողջունել են «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը և հայտարարել, որ առանց այդ առողջացման ծրագրի՝ հնարավոր չէ փոփոխություններ անել Հայաստանում:
«Ծառուկյան» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելու էին ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը` նախագահ Յան Զահրադիլը և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկիի գլխավորությամբ: Հայաստան էին ժամանել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Երեկ կայացած համաժողովի ընթացքում միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները մեկ անգամ ևս փաստել են, որ ժամանել են մեր երկիր ՝ նախընտրական այս շրջանում «Ծառուկյան» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով:
Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն համաժողովի ընթացքում նշել է, որ իրենց ընտանիքի համար մեծ պատիվ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նման անդամ ունենալը և այն, որ հենց այս կուսակցությունն է ներկայացնում իրենց քաղաքական միասնական ընտանիքը Հայաստանում: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ևս ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում անկյունաքարային երկիր է և այդ առումով էլ ավելի է կարևորվում գալիք ընտրությունների դերը և նշանակությունը: Միջազգային հեղինակավոր հյուրերը «Ծառուկյան» դաշինքին մեծ հաղթանակ մաղթեցին՝ ինչը նրանց խոսքով նոր կառավարություն ձևավորվելու և բարգավաճ Հայաստան կառուցելու հնարավորություն կընձեռի:
«Ծառուկյան» դաշինքին իր աջակցությունը հայտնեց նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Մարտին Կալանանը, վերջինս փաստել է, որ հինգ տարի առաջ մեր երկրի առջև ծառացած խնդիրները մինչ օրս չեն ստացել իրենց լուծումները, իսկ դա նշանակում է, որ առկա է նոր քաղաքական առաջնորդության օբյեկտիվ անհրաժեշտություն: Ըստ Կալանանի՝ Հայաստանը կարող է շատ ավելի լավ վիճակում գտնվել նոր ղեկավարությամբ, հետևաբար եվրոպական քաղաքական միասնական ընտանիքը իր օժանդակությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ղեկավարած դաշինքին՝ դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագիրը դիտարկելով իրատեսական և պահպանողական սկզբունքներին համահունչ:
Դաշինքի միջազգային գործընկերները պատրաստակամություն են հայտնել այցելել նաև Արցախ՝ անտեսելով այն պոտենցիալ հիստերիան, որը կարող է այդ քայլից հետո առաջանալ պաշտոնական Բաքվի մոտ: Ակնհայտ է, որ հեղինակություն վայելող պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական միասնական ընտանիքի անդամ ուժերը և գործիչները իրենց աջակցությունը կարող են հայտնել միայն իրատեսական հիմքերի վրա դրված նախընտրական ծրագրերին: Անվիճարկելի է նաև այն, որ միջազգային հեղինակավոր գործընկերների առկայությունը նոր որակ և լիցք է հաղորդում հետընտրական փուլում պետականաշինության գործը ստանձնած քաղաքական ուժին՝ մեծացնելով նաև մեր երկրի կշիռը միջազգային քաղաքական գործընթացներում:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ