Նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթով է հանդես եկել Կրոնական ազատության միջազգային դաշինքի առցանց նախարարական հանդիպմանը։
Ընդգծելով սեփական պատմական փորձի հիման վրա Հայաստանի համար կրոնական և էթնիկական հանդուրժողականության կարևորությունը՝ դեսպան Ներսեսյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել կրոնական համատեքստում Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մի շարք շրջանների վերահսկողության անցումն Ադրբեջանին, առանձնակի կարևորություն են ստանում հայ կրոնական և պաշտանմունքային վայրերի ոչնչացման կանխման նպատակով միջազգային հանրության կողմից դրա բարձրաձայնումն ու խիստ միջոցների ձեռնարկմանն ուղղված կոչերը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է․ «Վերջին պատերազմի ընթացքում արձանագրվել են կրոնական և պաշտամունքային վայրերի դիտավորյալ թիրախավորման և ոչնչացման դեպքեր, ներառյալ՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։
Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը խոստանում էր վերականգնել քանիցս ռմբակոծված մայր տաճարը, վերջին հանգստյան օրերին ի հայտ եկան մասունքների, արձանների պղծման և քաղաքի սրբագույն խորհրդանշի նկատմամբ բացահայտ կերպով ծաղրի մասին փաստող լուսանկարներ»։
Առցանց հանդիպմանը հաջորդած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ընթացքում հայկական քրիստոնեական մշակութային արժեքների ճակատագրի վերաբերյալ հարցին է անդրադարձել նաև Կրոնական ազատությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքը' պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանին և ներգրավված ցանկացած այլ կողմին այդ կրոնական վայրերը պաշտպանելու աներկբա կոչ անել:
Տեղեկանք․ Հանդիպման ընթացքում Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ պաշտամունքի ապահով վայրերի վերաբերյալ հայտարարությանը։ Ընդգծելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում և այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված մտքի, խղճի և կրոնի ազատության կարևորությունը' հայտարարությանը միացած կողմերը նշում են, որ խորը մտահոգություն են հայտնում, մասնավորապես ռազմական հակամարտությունների ընթացքում, պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումների, այդ թվում՝ ազգային, ռասայական և կրոնական ատելության հողի վրա իրականացվող մասունքների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման առնչությամբ՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների:
2020 թվականի փետրվարի 5-ին ստեղծված Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանը միացել է հունիսի 12-ին։ «Կրոնական ազատության միջազգային դաշինք» կոչվող ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնության նպատակն է բարելավել համագործակցությունն ու միավորել ջանքերը կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, կրոնի կամ հավատքի հիմքով խտրականության և հետապնդման դեմ պայքարի, հավատքը փոխելու ազատության ապահովման, հանցագործների միջազգայնորեն պատասխանատվության ենթարկման և այլ հարցերում։