Լայպցիգի համալսարանի Լայբնիցի ինստիտուտի հրավերով Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ֆակուլտետի ուսանողների և ասպիրանտների համար ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մայիսի 22-ին հանդես եկավ «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Շտեֆան Տրյոբսթը:

ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի ծագումնաբանությունը, անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին: Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշեց նաև, որ հակամարտության խաղաղ և բանակցային տարբերակով լուծմանն այլընտրանք չկա, իսկ հարատև խաղաղության և կայունության հասնելու համար Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ պետք է լիարժեք ներգրավված լինի բանակցային գործընթացում:

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: