Մենք գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առավել համապարփակ փուլերից մեկում, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններից հետո։

«Մեր կարծիքների փոխանակումը դարձյալ անկեղծ էր, ազնիվ և բովանդակալից։ Մեր հանդիպումը վերջինն էր բարձր մակարդակով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների և արտգործնախարարների մասնակցությամբ ինտենսիվ և արդյունավետ բանակցությունների շարքում, որ մայիսի սկզբից անցկացվել էին Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմանի սահմանում։ Մենք գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առավել համապարփակ փուլերից մեկում»,- նշել է Եվրախորհրդի ղեկավարը։

Ըստ Միշելի, ինքը կոչ է արել երկու կողմին «հարաբերությունների կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթացի ապահովման հետագա համարձակ քայլեր ձեռնարկել»։

«Ու թեև մեր հանդիպումը կայանում էր տեղերում աճող լարվածության պայմաններում, սակայն ես կարևոր ազդակ եմ նկատել քաղաքական քննարկումներում ու ջանքերում։ Մենք քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մեկ անգամ ևս հաստատեցին, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ելնելով նրանից, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600 քառ․ կմ»,- ասել է Շարլ Միշելը։

Ըստ նրա, երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրին, որպես քաղաքական փաստաթղթի և ողջունել սահմանագծման հանձնաժողովի հուլիսի 12-ի նիստը, ինչպես նաև պայմանավորվել են աշխուժացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջանում Ղարաբաղի հայ բնակչության իրավիճակը։ Ներկա իրադրությունը ակնհայտորեն անկայուն է և ոչ մեկի շահերից չի բխում»,- ընդգծել է Եվրախորհրդի ղեկավարը։

Ըստ Միշելի, ինքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը։

«Ես նշել եմ նաև հավասար չափով Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Ադրբեջանի պատրաստակամությունը․․․ Նաև ողջունում եմ ԿԽՄԿ ուժերով բժշկական տարհանման վերսկսումը»,- ասել է Միշելը։

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր իրավունքների և անվտանգության երաշխիքների կարիք ունի և հայտարարել, որ ԵԽ-ն կարևոր է համարում Բաքվի և «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի» միջև ուղիղ երկխոսության հաստատումը։

Շառլ Միշելն ավելացրել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պատահմամբ սահմանն անցած զինծառայողների վերադարձի, անհետ կորածների և ականազերծման հետ կապված հարցերը։

«Ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը այն ըմբռնմանը, որ այն զինվորների ազատ արձակումը, ովքեր անզգուշորեն անցնում են մյուս կողմը, կհեշտացվի: Ես հանդես եմ եկել երկու կողմերի կալանավորների ազատ արձակման օգտին։ Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել»,- ասել է Միշելը։