Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կիսում է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: Ազգային ժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. զեկույցի քննարկման ժամանակ Կարեն Անդրեասյանը, պատասխանելով կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքի անարդյունավետության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ ինչ-որ չափով համաձայն է, որ այդ հանձնաժողովի աշխատանքը այնքան էլ արդյունավետ չի եղել վերջին տասնամյակի ընթացքում, սակայն, միևնույն ժամանակ, նկատեց, որ որոշակի դրական արդյունքներ, այնուամենայնիվ արձանագրվել են: «Անկեղծ կլինեմ, ես այդ հանձնաժողովից դուրս եմ եկել, իմ ներկայացուցիչներին արգելել եմ գնալ այդ նիստերին իմ պաշտոնավարումից 1 ամիս հետո: Ինձ թվում էր, որ այդպիսով ես որոշակի լիցք կհաղորդեմ այդ քննարկմանը: Եվ պետք է ասեմ, որ շատ աննկատ անցավ դա. միայն դատա պարտյալները նկատեցին, որ մեր ներկայացուցիչը նիստերին չի մասնակցում: Դա նրանից չէր, որ հասարակությանը չէր հետաքրքրում մեր ներկայությունը, այլ նրանից, որ այնտեղ այնքան մարդ է ներգրավված, այնքան գերատեսչություն, որ մենք այնտեղ ընդամենը դակողի դերում էինք, ինչը վարկաբեկիչ էր դառնում նաև մեր ինստիտուտի համար»,- ընդգծեց Անդրեասյանը:
Անդրեասյանը համաձայնեց, որ այդ հանձնաժողովի որոշումների որոշակի մասն անարդար է եղել: «Մենք ունենք ծավալուն հետազոտություն: Այստեղ մեզ պետք է հասկանալ, թե ով է իսկապես ցանկանում այս ուղղությամբ գործ անել: Եթե գործադիրը ցանկանա, մենք կարող ենք իրենց էջերով տրամադրել մեր լուծումներն ու առաջարկները: Մենք ունենք էջերով ուսումնասիրություններ և առաջարկներ առկա խնդիրները կարգավորելու համար: Քաղաքական կամք է պետք, որպեսզի մենք կարողանանք իրագործել այդ լուծումները»,- նշեց նա:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ և ներկայացնել առաջարկներ ու նախագծեր, որոնք հետագայում կարող են ընդունվել: