ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում կենտրոնանալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, քանի որ Հայաստանը տարբեր հանգամանքների բերումով ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում կիրառել համաներման ինստիտուտը: Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը հնարավորություն կտա ցուցաբերել անհատական մոտեցում:
«Որովհետև համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումն առաջին հերթին նկատի է ունենում կոնկրետ մարդուն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն իրապես պետք է գործարկել:
«Այդ պարագայում հանրության շրջանում համաներման մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետև դատապարտյալների, նրանց հարազատների համար կանխատեսելի կլինի, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են խայտառակ վատ վիճակում: «Նույնիսկ խցային պայմանները, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են, ու մեր, ՄԻՊ-ի աջակցությամբ մենք պետք է փորձենք նաև ձեռք բերել միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որ ընդհանրապես փորձենք հրաժարվել հին ՔԿՀ-ներից՝ չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ-ն էլ, ցավոք սրտի, չի փայլում իր պայմաններով», - ասաց նա: