Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինիս հիման վրա իրականացված գործընթացի արդյունքում դատապատյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նպատակով արդեն իսկ կազմվել է 681 զեկույց, որոնցից 536-ը ուղարկվել է դատարան: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկություններից են.

  • Դատապարտյալի կողմից դիմումի ներկայացման ընթացակարգը.

Փաթեթում ամրագրվել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի մեկնարկը պայմանավորում է ոչ միայն պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը կրելու, այլ նաև՝ դատապարտյալի դիմումի առկայության հետ: Դիմումի ներկայացման կարգի մասին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը նախօրոք պարտավոր է ծանուցել դատապարտյալին:

  • Քրեակատարողական ծառայություն - Պրոբացիայի ծառայություն - դատարան մոդելի գործարկում.

Առաջարկվող մոդելի արդյունքում դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ զեկույցներ կտրամադրեն մասնագիտացված երկու կառույցներ, որոնք ունեն մարդկային և նյութական անհրաժեշտ ռեսուրսներ: Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը և վարքագիծը պատժի կրման ընթացքում, իսկ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Նշված կառույցները նախապես՝ պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալուց առաջ, կսկսեն զեկույցների կազմման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա համապարփակ կերպով հետազոտել ուսումնասիրվող հանգամանքները: Զեկույցների կազմման համար ծառայություններն իրենց տրամադրության տակ կունենան 80 օր:

Փաթեթի անցումային դրույթներին համապատասխան՝ այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց՝

  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև Փաթեթն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել անկախ հանձնաժողովի կողմից, Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո (Փաթեթն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 23-ին)՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում զեկույցը:
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է Փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը,պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված երկու դեպքերում էլ եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, և 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:
  • պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է սույն թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա նրանց վերաբերյալ կազմվում է զեկույց բացառապես այն դեպքում, երբ դատապարտյալը պատիժը կատարող հիմնարկին ներկայացնում է դիմում: