Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում առկա խնդիրների լուծման փաթեթը ներկայացվելու է կառավարության և Ազգային ժողով քննարկմանը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սու րեն Քրմոյանը: Ըստ նրա՝ համակարգը մի քանի սկզբունքային փոփոխության է ենթարկվելու:

 

«Այս փաթեթով ստեղծվելու է բարդացված համակարգի ավելի պարզեցված տարբերակը: Այսինք՝ եռաստիճան համակարգից անցնելու ենք երկաստիճան համակարգի: Մյուս սկզբունքով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հստակ չափանիշներ ենք սահմանելու, որպեսզի դատապարտված անձը կարողանա իր վարքագիծը համապատասխանեցնել այդ չափանիշներին և հնարավորություն ունենա պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու»,- ասաց Քրմոյանը:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ բողոքարկման և դատապարտյալի իրավունքների պաշտպանության մեխանիզմներ են ամրագրելու այս համակարգում:

 

«Դատապարտյալը հնարավորություն է ունենալու ամբողջ գործընթացի մեջ մասնակցել, կարծիք արտահայտել, փաստաբան ներգրավել և նյութեր ստանալ: Պետք է այնպես անել, որ դատապարտյալը, հայտնվելով քրեակատարողական հիմնարկում, ձգտի սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնել իր վարքագիծը և հույս ունենա, որ համապատասխան վարքագիծ դրսևորելով կկարողանա պայմանական վաղաժամկետ ազատվել»,-ընդգծեց Քրմոյանը: