Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մերժել է բանտարկյալների ներման դիմումները քննող խորհրդի՝ Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշումը:
Այս մասին գրել է «Ասպարեզ»-ը:
Նյուսոմն ընդունել է, որ Սասունյանը տարիներ շարունակ լուրջ քայլեր է արել իր վարքագիծը լավացնելու, բայց նահանգապետը չի հավատում, որ Սասունյանը պատրաստ է ազատ արձակվելու: «Գնահատում եմ այն, որ Սասունյանը բանտում ջանքեր է թափել իր վարքագիծը բարելավելու, բայց կան ավելի ծանրակշիռ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս Սասունյանին ազատ արձակել»,-ասվում է Նյուսոմի նամակում, որը ձեռք է բերել «Ասպարեզ»-ը:
Նահանգապետի համոզմամբ՝ Սասունյանը չի կարողացել բավարար ժամանակում ապացուցել, որ ձեռք է բերել անհրաժեշտ հմտություններ, որոնք կարող է կիրառել կյանքում:
«Մտահոգված եմ, որ Սասունյանը շարունակաբար թերագնահատում է իրենից պահանջվող աչալրջությունը, ներկայում և ապագայում՝ հետևողականորեն գործելու օրենքի պահպանման և նույնիսկ անուղղակիորեն բռնություն հրահրելուց խուսափելու վարքագծով»,-ասվում է նամակում:
Նյուսոմը եզրափակել է իր որոշումը՝ նշելով, որ քննել է պետք արձանագրված փաստերը: «Համոզված եմ, որ Սասունյանը հավելյալ աշխատանք պետք է կատարի ազատ արձակվելուց առաջ: Կարծում եմ, որ նա դեռևս վտանգավոր է հասարակության համար: Եթե նա ազատ արձակվի, ես կբեկանեմ խորհրդի որոշումը»,-շեշտել է նահանգապետը:
Նահանգապետի որոշումից հետո Սասունյանի պաշտպանական թիմի խոսնակն «Ասպարեզ»-ին հայտնել է, որ մեծապես հիասթափված են Նյուսոմի որոշումից:
«Բանտում անցկացրած տարիներին Համբիկն արել է ամեն ինչ իր վարքագիծը լավացնելու համար և դարձել է օրինակելի բանտարկյալ: Դա փաստ է, որն անգամ նահանգապետն է ընդունել: Հուսանք, որ ինչպես նախկինում նահանգապետը տեղի չի տվել թուրքական կառավարության ճնշումներին՝ Սպիտակ տունն օգտագործելով իր նպատակների համար»,-հավելել է խոսնակը:
Ըստ խոսնակի՝ բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը պետք է շարունակի աշխատանքը և փորձի այլ ճանապարհներ գտնել Սասունյանին ազատ արձակելու համար:
Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: