Ռուսաստանի իշխանությունները հասկանում են օտարերկրյա աշխատողների երկիր մուտք գործելու հետ կապված առկա խնդիրները և գնալու են մուտքի պայմանների ազատականացման ճանապարհով, սակայն գործելու են գործող համաճարակաբանական առաջարկությունների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բիզնես Ռուսաստան»-ի անդամների հետ հանդիպմանը։

Միգրանտների մուտքի հարցը տվել է «Новосталь-М» հոլդինգի գլխավոր տնօրեն Իվան Դեմչենկոն։ Նա նշել է, որ աշխատողների սպասման ժամկետը հետաձգվում է մինչև 2-3 ամիս, եթե նույնիսկ օգնում է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը։

Նախագահ Պուտինը պատասխանել է, որ օտարերկրյա մասնագետների մուտքի խնդիրը սուր է ոչ միայն մետալուրգիական արդյունաբերության, այլ նաև շինարարության և այլ ոլորտներում։ Կառավարությունը, պետության ղեկավարի խոսքով, հասկանում է այս հարցը, սակայն ստիպված է գործել համաճարակաբանական առաջարկությունների համաձայն։

Հիշեցնենք, որ 2020 թվականին կորոնավիրուսային պանդեմիայի սկսվելուց հետո մեծ թվով օտարերկրյա մասնագետներ, ովքեր աշխատում էին երկրում, լքեցին Ռուսաստանը, ինչը հանգեցրեց կադրերի որոշակի սղության տնտեսության մի շարք ոլորտներում։