Եվրամիության ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերի կոմիսար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային «երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ի լիարժեք անդամություն տրամադրելու» օգտին: Այդ մասին նա հայտարարել է Welt թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Եթե մենք լրջորեն մտադիր ենք հասնել Արևելյան Եվրոպայի երկրների վերափոխման, ապա մենք պետք է լրջորեն կիրառենք այն ամենազորեղ գործիքը, որ մենք ունենք վերափոխումներ իրականացնելու համար, այն է՝ ընդլայնումը»,-ասել է նա: Ֆյուլեի կարծիքով՝ «եվրոպական հեռանկարը, չնայած դրա հետ կապված բոլոր նախապայմաններին, լավագույն խթանն է արևելաեվրոպական պետություններում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար»:

 

«Մի քանի ամիս առաջ ԵՄ-ի անդամ երկրները հայտարարել են, որ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը մեր երկկողմ համագործակցության վերջնական նպատակը չէ»,- հիշեցրել է Շտեֆան Ֆյուլեն: «Կարծում եմ, որ այդ դիրքորոշումը պետք է տարածվի նաև արևելյան այն հարևան երկրների վրա, որոնք նույնպես կստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը, խոսքը Վրաստանի ու Մոլդովայի մասին է»,- հավելել է եվրահանձնակատարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: