Անհրաժեշտ Է Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծում գտնել, որը կապահովեր երկրի բոլոր քաղաքացիների եւ տարածաշրջանների իրավունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Ասլովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Անշուշտ, մենք խոսել ենք Ուկրաինայի արեւելքում շարունակվող զինված հակամարտության մասին: Մենք միասնական ենք արյունահեղության դադարեցման եւ անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում այն առումով, որ Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների համար ընդունելի լուծումներ մշակենք»,-ասել Է Լավրովը:
Իր հերթին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ հանրապետության իշխանությունները մտադիր են աշխարհազորայինների կողմից վերահսկվող քաղաքների նկատմամբ հսկողությունը վերադարձնել «քաղաքական գործընթացների միջոցով» եւ պատրաստ են տարածաշրջաններին տրամադրել «շատ ավելի մեծ ազատություն»:
«Մենք հարվածներ չենք հասցնելու այդ քաղաքներին»,-հայտարարել Է Կլիմկինը, խոսելով Դոնեցկի ու Լուգանսկի մասին, որոնք այժմ գտնվում են աշխարհազորայիների վերահսկողության ներքո: Նա նշել Է, որ, վերջին հաշվով, միայն քաղաքական որոշումը կնպաստի հակամարտության կարգավորմանը երկրի արեւելքում: ԱԳ նախարարի խոսքով՝ Կիեւի իշխանությունները քաղաքների նկատմամբ հսկողություն կհաստատեն «ոչ թե քաղաքները գնդակոծելու, այլ քաղաքական գործընթացների միջոցով»:
Նա նաեւ պաշտպանել Է երկրի արեւելքում հակամարտության կարգավորման հարցերին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելը եւ հայտարարել, որ Կիեւը պատրաստ Է տարածաշրջաններին տրամադրել «շատ ավելի մեծ ազատություն»: Կլիմկինն ասել Է, որ խորհրդաժողովի անցկացման հարցն ինքը նախօրյակին քննարկել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ իր հանդիպման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: