G7-ի երկրների ղեկավարները Ուկրաինայի ուժային կառույցների գործողությունները երկրի արեւելքում որակել են զուսպ եւ հանդես են եկել «խաղաղության եւ համաձայնության հուշագրի» շուտափույթ կիրառման օգտին: Այդ մասին ասված է «յոթնյակի» աշխատանքային ընթրիքի արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

 

«Մենք կոչ ենք անում անօրինական զինված կազմավորումներին՝ զինաթափվել: Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին՝ պահպանել զուսպ մոտեցումը օրինականության եւ կարգի վերականգնման գործողություններն իրականացնելիս»,- հայտարարել են G7-ի անդամ երկրների ղեկավարները:

 

Նրանք նաեւ ողջունել են «ազգային երկխոսությունը շարունակելու Ուկրաինայի իշխանությունների պատրաստակամությունը»: «Մենք ողջունում ենք Գերագույն ռադայի կողմից մայիսի 20-ին ընդունված «խաղաղության եւ համաձայնության հուշագիրը» եւ ցանկություն ենք հայտնում, որ այն արագորեն կիրառվի»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այդ փաստաթուղթը նախատեսում է, մասնավորապես, զորքերի հետկանչը երկրի արեւելքից:

 

G7-ի ղեկավարները նաեւ կոչ են արել Ուկրաինայի խորհրդարանին ու կառավարությանը՝ շարունակել Սահմանադրական բարեփոխումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: