«Նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած հանդիպմանը համաձայնագիր են կնքել Ուկրաինայում սահմանազատման գծի վերաբերյալ, պայմանավորվել են սպառազինությունների հետքաշմանն աջակցելու եւ Շփման խմբի հանդիպումները շարունակելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, հայտարարել են Գերմանիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Սերգեյ Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ հանդիպումն օգտակար է համարում: «Մենք պայմանավորվեցինք Ուկրաինայում սպառազինության հետքաշմանը հզոր աջակցություն ցուցաբերելու մասին: Նաեւ ընդունվել է հանձնարարական, որ Շփման խումբն ակտիվացնի իր աշխատանքը եւ ձեւավորի անհրաժեշտ քանակությամբ աշխատանքային խմբեր»,- ասել է նախարարը:
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, նա նաեւ հավելել է, որ, եթե առաջընթաց ձեռք բերվի մարտական գործողությունների դադարեցման հարցում, «Աստանայի գագաթնաժողովը կարող է միանգամայն պահանջված լինել»: Ընդսմին, Լավրովի խոսքով, Ռուսաստանն ակնկալում է, որ «Կիեւի իշխանությունները կառուցողական մոտեցում հանդես կբերեն կրակի դադարեցման խնդրի նկատմամբ»:
ԳՖՀ-ի ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ «զգալի առաջընթաց» է ձեռք բերվել Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների բանակցություններում:
Սկզբնապես պլանավորվում էր, որ չորս երկրների ղեկավարների հանդիպումը հունվարի 15-ին տեղի կունենա Աստանայում, բայց ավելի ուշ որոշվել է այն հետաձգել անորոշ ժամանակով: