Ռուսաստանն ու Հայաստանը փորձագիտական մակարդակով պայմանավորվել են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մամուլի ծառայությունը։
«Երևանում կայացել են ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ: <...> Փորձագիտական մակարդակով խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ միջկառավարական համաձայնագրի նախագիծը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդում, տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով նման անվտանգության ապահովման ոլորտում ռուս-հայկական համագործակցության հարցերի ողջ շրջանակի շուրջ։
Կողմերը վերահաստատել են ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում այդ ոլորտում ջանքերի ակտիվացման կարևորությունը:
Ռուսական պատվիրակության կազմում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի գլխավորությամբ, ընդգրկված են եղել ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Թվային զարգացման նախարարության, Արդարադատության նախարարության, ԱԴԾ-ի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արդարադատության նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Գլխավոր դատախազության և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։