«Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքներով, որոնք տևել են 16 ժամ, հաստատվել են այն համալիր միջոցառումները, որոնք նպատակամղված են Մինսկում անցյալ տարվա սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Բացի այդ, ընդունվել է ղեկավարների հռչակագիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

«Նորմանդական քառյակի» կողմից ձեռք բերված նոր համաձայնությունները նախատեսում են «բոլոր պատանդների և անօրինականորեն պահվող անձանց ազատ արձակում և փոխանակում «բոլորին բոլորով» սկզբունքի հիման վրա: «Այս գործընթացը պետք է ավարտվի (ծանր սպառազինությունների) հետքաշումից հետո ամենաուշը հինգերորդ օրը»: 2015 թվականի վերջին Ուկրաինայում ուժի մեջ պետք է մտնի նոր Սահմանադրությունը, որտեղ պետք է ամրագրվի ապակենտրոնացումը և Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին մշտական օրենսդրության ընդունումը:

 

Մինսկում ստորագրված փաստաթղթում կանխապայման է դրված «այն օրենքի սահմանման միջոցով» ներման և համաներման ապահովումը, «որը կարգելի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով անձանց հետապնդումը և պատժումը»:

 

Համաձայնությունները նախատեսում են «Ուկրաինայի տարածքից բոլոր օտարերկրյա զինված կազմավորումների, ռազմական տեխնիկայի, ինչպես նաև վարձկանների դուրսբերում ԵԱՀԿ-ի հսկողության ներքո, բոլոր ապօրինի խմբերի զնաթափում»:

 

Համալիր միջոցառումները նախատեսում են Կիևի սոցիալ-տնտեսական կապերի վերականգնում Լուգանսկի և Դոնեցկի մարզերի շրջանների հետ, ներառյալ կենսաթոշակների վճարումները: Դրանցով նաև կարգավորվում են հակամարտության գոտում մարդասիրական օգնության ապահովման հարցերը: «Միջազգային մեխանիզմի հիման վրա ապահովել մարդասիրական օգնության անվտանգ մուտքը, հանձնումը, պահումը և բաշխումը կարիքավորներին»,- նշված է փաստաթղթում:

 

«Նորմանդական քառյակը» 16-ժամյա բանակցային մարաթոնի արդյունքներով ընդունել է ուկրաինական կարգավորման գործընթացի պաշտպանության քառակողմ հռչակագիր: Ղեկավարները պաշտպանում են Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների շարունակումն էներգետիկայի հարցերի շուրջը, որպեսզի իրականացվեն քայլեր «գազի ձմեռային փաթեթի» զարգացման գործում:

 

Գերմանիան և Ֆրանսիան «տեխնիկական օժանդակություն ցույց կտան (Ուկրաինայի) հակամարտության պատճառով վնասված շրջաններում բանկային համակարգի սեգմենտի վերականգնմանը, հնարավոր է՝ սոցիալական վճարումների իրականացման օժանդակման միջազգային մեխանիզմի ստեղծման միջոցով: