Ոստիկանությունից նախ պահանջում ենք, որ մեր ճանապարհը բացեն։ Սյունեցիներին չեն թողնում Գորիսից գալ այստեղ։ Առանց այդ էլ մեր ճանապարհը փակ է, մենք չենք կարողանում գնալ մեր տները։ Մի հատ էլ եկել են, էստե՞ղ են փակոււմ։ 500 մարդ է եկել, հավաքվել Սյունիքում, որ մեր ճանապարհը փակի, չհասկացա, ինչի մենք դրա՞ն ենք արժանի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի խաչմերուկում հայտարարեց բնակիչներից մի տղամարդ։
«Երկրորդ պահանջն այն է, որ Գորիսի համայնքապետին բաց թողնեն։ Թող չմտածեն, որ Գորիսի համայնքապետին բերման ենթարկելուց հետո մենք սուս ենք մնալու։ Այնքան ենք մնալու, մինչեւ մեր ուզածին հասնենք։ Արագ բաց թողեք Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,- ասաց տղամարդը, ապա սկսեց վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք»։
Նշենք, որ սյունեցիները վաղ առավոտից մեքենաներով եկել էին եւ ցանկանում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ, սակայն նրանց ոստիկանական ուժերը չթույլատրեցին եւ նրանք մնացին Շինուհայրի խաչմերուկում։
Վաղ առավոտյան ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով ավելի վաղ կոչ էր արել, որ գորիսեցիները միանան ավտոերթին, եւ թույլ չտան, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտնի Սյունիքի մարզ։